Գլոբալիզմը բիզնեսի զարգացման հետ կապված բնական պրոցես է, որը միաբևեռ աշխարհակարգի ժամանակ վերաբերում էր ամբող աշխարհին, որից նույն ձևով օգտվել են ԱՄՆ-ը և Չինաստանը ու նաև բոլոր նրանք, որոնք նման հնարավորություն ունեն։
Այդ առումով, երկրների միջև միակ տարբերությունն այն է, որ լիբերալ դեմոկրատիայի պայմաններում կապիտալը ոչ լրիվ է պետության հսկողության տակ, և նրա վերպետական մասի ու պետության շահերի մեջ կան հակասություններ։
Իսկ ոչ լիբերալ կարգի պայմաններում կապիտալը հիմնականում պետության հսկողության տակ է, և նշված հակասություններն էլ մինիմալ են։
Լիբերալ դեմոկրատիայի երկրներում այդ հակասությունների պատճառն այն է, որ կապիտալը, գերշահույթի նպատակներով, տեխնոլոգիաները, ֆինանսներն ու աշխատատեղերը հանելով սեփական երկրներից ու տանելով դրանք այլ երկրներ, կորուստների պատճառ է դառնում սեփական երկրի համար, ներառյալ՝ գործազրկության աճը, տեխնոլոգիաների զարգացման դանդաղելը, գիտության ու կրթական համակարգերի հետընթացը և այլն։
Մյուս կողմից էլ, նույն վերպետական կապիտալն ու հարստությունը առանց լուրջ պետական ուժի անպաշտպան կմնան, այսինքն, նրանք նաև այն պետության կարիքն են զգում, որին վնաս են պատճառում։
Բացի դրանից, բիզնեսը դրսերում կազմակերպելով, վերպետական կապիտալը մի շատ ավելի մեծ վնաս է հասցնում սեփական երկրին՝ ուժեղացնելով նրա պոտենցիալ հակառակորդներին։
Այստեղից էլ Թրամփի կոչը՝ «Ամեն ինչ Ամերիկայի համար», և դրանից բխող հակասությունը գլոբալիստների հետ։
Բայց գլոբալիզմն ինքը բնական պրոցես է, պարզապես բազմաբևեռ տնտեսաքաղաքական բլոկների պայմաններում այն կունենա ավելի սահմանափակ բնույթ, և նույն տեսակի հակասություններ կլինեն նաև պետությունների ու լոկալ գլոբալիստների միջև։
Բացի դրանից, նույնիսկ արդեն ուժային հավասարակշռության հասած բազմաբևեռ բլոկային աշխարհում սպառազինությունների մրցավազքը և պրոքսի տեսակի սուր հակամարտությունները կունենան ավելի բարձր լարվածություն, քան միաբևեռ աշխարհում, որտեղ ուժային գործողությունները միակողմանի էին։
Իսկ ինչ վերաբերում է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցնելու պրոցեսին, ապա այն կլինի ամենից լարվածը և՛ հզորների միջև, և՛ հզորներից ոմանց ու վերպետական կապիտալի միջև, որի արտացոլումը գլոբալիստների ազդեցության ոլորտում գտնվող ԵՄ-ի ներկա պահվածքն է, որի երկրները, հանգամանքների բերումով, դեմ են իրենց իսկ շահերին։
Մի բան, որը երկար շարունակվել չի կարող, և եվրոպական երկրները կգտնեն ներկա պրոբլեմների անտրամաբանական թնջուկից դուրս գալու ճանապարհներ՝ առաջին հերթին ազատվելով իրենց ձախլիկ ու հանգամանքների գերի ղեկավարներից։
Մյուս կողմից էլ, տեսական բնույթի դատողություններն ասում են, որ, վերջիվերջո, սառը պատերազմի նման, աշխարհը պետք է զուգամիտի դեպի ուժամենթալիտետային երկբևեռություն, որը կպահանջի շատ երկար ժամանակ և միջանկյալ բազմաբևեռության բավականին երկար տևողությամբ փուլ։
Այդ պրոցեսը նման կլինի առաջին աշխարհամարտից առաջ եղած բազմաբևեռությունից դեպի երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված երկբևեռություն անցմանը, որը տևեց առնվազն 35 տարի, սկսած 1914-ից մինչև 1949-ի խորհրդային ատոմային ռումբի փորձարկումը։
Պավել Բարսեղյան